
Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի նախախաղային մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա անդրադարձավ ամենատարբեր հարցերի: Վիսնետե դել Բոսկեն նշեց, որ հավաքի է հրավիրել 24 ֆուտբոլիստների և շատ հնարավոր է, որ հոկտեմբերի 10-ին և 14-ին կայանալիք խաղերում մեկնարկային կազմում հայտնվեն բոլորովին տարբեր 11 ֆուտբոլիստներ. «Կարևորը ոչ թե ֆուտբոլիստների անուններն են, այլ այն ոճը, որով կխաղա Իսպանիայի հավաքականը»,- ասաց դել Բոսկեն:
Վիսենտե դել Բոսկեին նաև հարց ուղղվեց «Միկայում» հանդես եկող երկու իսպանացիների ֆուտբոլիստների՝ Ուլիսես Մոնտենգերոյի և Պեդրո Լոպեսի մասին, որոնց ժամանակին իսպանացի մասնագետը մարզել է Մադրիդի «Ռեալի» փոխարինողների կազմում. «Այժմ սահմաններ չկան և շատ ուրախ եմ, որ իսպանացի ֆուտբոլիստները հնարավորություն ունեն խաղալ ամենատարբեր լիգաներում՝ այդ թվում նաև Հայաստանում»,- նշեց դել Բոսկեն:
Հայ լրագրողներից մեկը, չգիտես ինչու, որոշեց հարցնել Վիսենտե դել Բոսկեի կարծիքը Ռուսաստան- Գերմանիա խաղի մասին, պնդելով, որ դա ամենակարևոր խաղն է, ինչին հետևեց իսպանացի լրագրողների քրքիջը, իսկ դել Բոսկեն հոգոց հանեց. «Ինչու՞ եք հենց այդ խաղի մասին հարցնում: Մի՞թե պակաս կարևոր չէ այն, որ պետք է վճռվի Պորտուգալիայի և Արգենտինայի հավաքականների ճակատագիրը աշխարհի առաջնությունում: Ինձ համար ամենակարևոր խաղը Հայաստան- Իսպանիան է»,- եզրափակեց Դել Բոսկեն:
Ասուլիսի վերջում փորձառու իսպանացի մասնագետը նաև ասաց, որ Իսպանիայի հավաքականը խաղից հետո ևս երկու օր մնալու է Երևանում և Բոսնիա և Հերցեգովինա մեկնելուց առաջ՝ կիրակի և երկուշաբթի օրերին, մարզվելու է Երևանում:
Հիշեցնենք, որ ԱԱ ընտրական փուլի ավարտին իսպանացիներին երկու արտագնա հանդիպում է սպասում: Խմբում վաղուց առաջին տեղն ապահոված Եվրոպայի չեմպիոնները բացի հոկտեմբերի 10-ին կայանալիք երևանյան հանդիպումը մեկ հանդիպում էլ կանցկացնեն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարկի տակ:
-->







Comments
Powered by Facebook Comments