
Վալերի Ալեքսանյանը և Անտոնի Լուրլինգը ՆԱԿ- «Գանձասար» խաղի ընթացքում
ՈՒԵՖԱ-ն շարունակում է ուսումնասիրել մոտ 40 կասկածելի խաղերի հետ կապված գործը, ինչը կարող է դառնալ եվրոպական ֆուտբոլի պատմության ամենախոշոր կոռուպցիոն սկանդալը: Կասկածելի հանդիպումների թվում է նաև Եվրոպա լիգայի խաղարկության երկրորդ փուլի ՆԱԿ Բրեդա- «Գանձասար» հանդիպումը: ՈՒԵՖԱ-ի կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ Կարլ Դհոնտի խոսքերով ուսումնասիրվում են ինչպես ներքին առաջնությունների, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցնող մրցաշարերի խաղերը: Խոսքը հիմնականում գնում է որակավորման փուլի խաղերի մասին: «Կարող եմ միայն ասել, որ ուսումնասիրվում են առավելապես Արևելյան Եվրոպայի երկրների ակումբների մասնակցությամբ խաղեր: Սակայն արևմուտքում նույնպես կան կասկածելի թիմեր,- հոլանդական “Algemeen Dagblad” հանդեսին տված հարցազրույցում ասել է Դհոնտը: Ընդ որում նա մեկ գաղտնիք է բացահայտել. «Դիտարկվում է նաև հոլանդական ՆԱԿ «Բրեդայի» և հայկական «Գանձասարի» (Եվրոպա լիգայի 2-րդ որակավորման փուլ, 6:0) խաղը: Կարծում եմ, որ մինչև նոյեմբեր մենք բավականաչափ ապացույցներ կհավաքենք և դրանք կներկայացնենք հասարակությանը: Մենք հաջողությամբ համագործակցում ենք շատ ազգային ասոցիացիաների հետ, որոնք օգնում են հետաքննել ֆուտբոլում կոռուպցիայի դեպքերը»:






