
Հայաստանի կանանց հավաքականը
Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը հերթական պարտությունը կրեց 2011թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլում: Այս անգամ մեր ընտրանին 1-5 հաշվով սեփական հարկի տակ զիջեց սլովենուհիներին: Հայաստանի հավաքականի միակ գնդակը հանդիպման 74-րդ րոպեին 11 մետրանոցից կատարած հարվածով խփեց Քրիստինե Մանգասարյանը: Սա նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջին գոլն էր այս ընտրական փուլում: 2009թ. կանանց հավաքականը ևս երկու հանդիպում կանցկացնի: Նոյեմբերի 21-ին մեր հավաքականը արտագնա հանդիպում կանցկացնի Ֆինլանդիայի ընտրանու հետ, իսկ նոյեմբերի 25-ին մեր ընտրանուն կհյուրընկալի Իտալիայի հավաքականը:
Հետխաղյա ասուլիսի ժամանակ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը շնորհավորեց Սլովենիայի ընտրանուն հաղթանակի կապակցությամբ: Սամվել Ադամյանը նաև հանդիսանում է նաև մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչը, սակայն երևանյան խաղերի պատճառով թիմի հետ չէր մեկնել Սերբիա: Հիշեցնենք, որ այնտեղ մեր աղջիկները երկու խաղում 40 գնդակ են բաց թողել և ոչ մի գոլ չեն խփել. «Ես ընդունում եմ, որ երկրի հեղինակության հետ ենք խաղում, սակայն զարգանալու համար սա անհրաժեշտ է: Սերբիայում ելույթ ունեցող հավաքականի կազմում ընդգրկված աղջիկների 90 տոկոսը նոր երեխաներ են, որոնք ընդամենը մոտ վեց ամիս են մարզվել և առաջին անգամ ենք մասնակցում նման մրցաշարի: Մենք մրցաշարին մեկնելուց առաջ գիտակցում էինք, որ հնարավոր են նման արդյունքներ, սակայն ազգային հավաքականի համար հերթափոխ ապահովելու համար այս փորձն անհրաժեշտ է»,- նշեց Սամվել Ադամյանը:





