
Յուրա Մովսիսյանը՝ հայկական եռագույնով և չեմպիոնական գավաթով
Հայազգի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի կազմում դարձել է ֆուտբոլի ԱՄՆ չեմպիոն:
Կիրակի գիշերը օվկեանոսից այն կողմ տեղի ունեցավ MLS առաջնության եզրափակիչ խաղը: Սիեթլում տեղի ունեցած եզրափակիչում «Ռեալ Սոլթ Լեյքի» մրցակիցը «Լոս Անջելես Գելաքսին» էր, որտեղ հանդես է գալիս համաշխարհային ֆուտբոլի աստղ Դևիդ Բեքհեմը: «Գելաքսիում» է ընդգրկված նաև մեկ այլ հայազգի ֆուտբոլիստ՝ Ալեկո Էսկանդարյանը, սակայն նա եզրափակիչ խաղին չմասնակցեց:
Խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան որոշել հաղթողին և ստիպված եղան դիմել հետխաղյա 11-մետրանոցների օգնությանը: Այստեղ Դևիդ Բեքհեմը դիպուկ էր, սակայն վրիպեց ԱՄՆ հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Լենդոն Դոնովանը: 5-4 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոլթ Լեյքը» և Յուրա Մովսիսյանը դարձավ մրցաշարի հաղթող:
Հիշեցնենք, որ 1987-ին ծնված բարձրահասակ հարձակվողը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ կցանկանար խաղալ Հայաստանի հավաքականում, սակայն իր առաջնային նպատակն է համարում Աշխարհի առաջնությանը մասնակցելը, ինչն ավելի հեշտ կլինի անել ԱՄՆ հավաքականի հետ: Նա չեմպիոն դառնալուց հետո կխաղա Եվրոպայում: Մովսիսյանը հունվարի 1-ին կտեղափոխվի «Ռանդերս», որն այս պահին չափազանց անհաջող է հանդես գալիս Դանիայի առաջնությունում:

Յուրա Մովսիսյանը Ռոբի Ֆինդլիի հետ տոնում է եզրափակիչ խաղում խփած գոլը
-->






Comments
Powered by Facebook Comments