Ավարտվեց լրատվամիջոցների սիրողական թիմերի միջև անցկացվող «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով ֆուտզալի մրցաշարը: Արդեն երրորդ անգամ անցկավող մրցաշարի խաղերն այս անգամ տեղի ունեցան «Միկա» մարզահամալիրի դահլիճում: Առաջին անգամ մրցաշարին մասնակցեց նաև TF-ի թիմը: Մեր ցույց տված արդյունքները շատ համեստ ստացվեցին, և մենք կարող ենք հպարտանալ անցկացրած չորս խաղերում տարած ընդամենը մեկ հաղթանակով: Սա նշանակում է, որ TF-ը սահանափակվեց միայն խմբային փուլի ելույթներով, և ստիպված եղանք ինքներս մեզ հուսադրել «մեզ մոտ դեռ ամեն ինչ առջևում է» կարգախոսով: Իսկ փլեյ-օֆ փուլում պայքարը շարունակելու իրավունք վաստակեցին «Մեդիամաքսը», «Արևածաղիկը», «Թերթ.am»-ը և բառի բուն իմաստով գրոսմայստերական կազմ ունեցող «Շախմատ» թիմը: Այս քառյակից էլ որոշվեց հաղթողը. չեմպիոնական գավաթն այս տարի բաժին հասավ «Մեդիամաքսին», որը լարված պայքարում անցած և հեռացումներով ուղեկցված եզրափակիչ խաղում միայն հետխաղյա 11-մետրանոցների օգնությամբ կարողացավ պարտության մատնել մրցաշարի նախորդ տարվա հաղթողին՝ «Թերթ.am-ին»: Երրորդ տեղի համար խաղում «Արևածաղիկը» առավելության հասավ շախմատիստների նկատմամբ:
TF-ը շնորհակալություն է հայտնում մրցաշարի կազմակերպիչներին՝ «Հույսի կամուրջ» և «Առաքելություն արևելք» կազմակերպություններին հիանալի կազմակերպված մրցաշարի համար: Համոզված ենք, որ այն ծառայեց իր նպատակին և ինչ-որ չափով նպաստեց հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարի քարոզչությանը:
Sunday August 1st 2010
ARM
-->





