
Լևոն Պաչաջյանը՝ «Սանաթ Նաֆթի» մարզաշապիկով
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը գոհ է Վարշավայում տեղի ունեցած Եվրո-2012-ի վիճակահանության արդյունքներից և կարծում է, որ սա լավ հնարավորություն է հաջող ելույթ ունենալու և լավ արդյունք գրանցելու համար. «Կարծում եմ, վերջին տասը տարիների ընթացքում նման հարմար խմբում չէինք հայտնվել»,- Totalfootball.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաչաջյանը:
26-ամյա ֆուտբոլիստը հուսով է, որ այս մրցափուլում Հայաստանի հավաքականը շատ ավելի հաջող կխաղա, քան ԱԱ-2010-ի ընտրական փուլում. «Կարծում եմ, որ ճիշտ աշխատանքի դեպքում կարելի է անգամ պայքարել ուղեգրի համար»,- հավելեց Լևոնը:
Խոսելով իր ապագայի պլանների մասին՝ Պաչաջյանը նշեց, որ իրանյան «Սանաթ Նաֆթ» ակումբի հետ պայմանագրի ավարտին դեռ երեք ամիս կա և միայն դրա ավարտից հետո նա կկարողանա նոր պայմանագիր կնքել.
«Կան եվրոպական ակումբներ, որոնք հետաքրքրվում են իմ ծառայություններով, բայց անուններ չեմ ուզում տալ: Եվս երեք ամիս այստեղ խաղալուց հետո միայն կիմանամ նոր ակումբիս անունը: Կապրենք կտեսնենք»,- եզրափակեց Լևոն Պաչաջյանը:





